четверг, 22 ноября 2012 г.

Լեոնարդո դա Վինչի.Մոնա Լիզա /Ջոկոնդա/

Ավելի քան հիսուն տասնամյակ անց արվեստաբանները դեռ շարունակում են ուսումնասիրել Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզայի” կամ  “Ջոկոնդայի” դիմանկարը: Վերջերս արված ուսումնասիրություններից հետո իտալացի արվեստաբանները պնդում են, որ դա Վինչիի “Մոնա Լիզայի” դիմանկարի վրա տառեր և թվեր են գտել: Դա հնարավոր է  անել հատուկ գերզգայուն տեխնիկայի միջոցով:

Պրոֆեսոր  Սիլվանո Վինչետին` Իտալիայի մշակութային ժառանգության պահպանման ազգային կոմիտեի նախագահը,  ասում է, որ Ջոկոնդայի աչքերում թվեր և տառեր են ուրվագծվում: Դրանք կարելի է տեսնել մեծացված պատկերի վրա: Աջ բիբում երևում են լատինական LV տառերը: Արվեստաբանի կարծիքով` դա հենց դա Վինչիի անվանատառերն են: Ձախ բիբում կարդացվում է 149 թիվը. հնարավոր է` դա էլ նկարի ստեղծման տարեթիվն է, սակայն, չգիտես ինչու, չկա վերջին թիվը:
Ինչպես հայտնի է, նկարում պատկերված կնոջ ինքնության մասին մի քանի վարկածներ կան, որոնցից մեկի  համաձայն` դա Վինչին պատկերել է Լիզա Գերարդինիին: Այլ վարկած է առաջ քաշում Սիլվանո Վինչետին: Ըստ նրա` կտավը ստեղծված է եղել ոչ թե 1503-04 թթ., այլ 1490թ.:  Դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ սկսած 1482-ից` նկարչին իր  արքունիք է հրավիրում  Միլանի հերցոգ  Լոդովիգո Սֆորցան: Իսկ ենթադրյալ  Լիզա Գերարդինին  ապրել է Ֆլորենցիայում: Հավանաբար դա Վինչին պատկերել է Սֆորցայի շրջապատի ազնվական կանանցից մեկին:
Արվեստաբանը նաև կամրջի ֆոնին հայտնաբերել է 72 թիվը, որի նշանակությունը դեռ մեկնաբանված չէ: Բայց գիտնականը համոզված է, որ այս թիվն էլ պատահականություն չէ և իր նշանակությունն ունի:
Գուցե և  այս վարկածներն այնքան էլ հիմնավոր չթվան, բայց  շատ արվեստաբանների համար կասկած չկա, որ դա Վինչին կոդավորված տեղեկություններ է փոխանցել իր աշխատանքներում: Այս պնդումը հաստատում է տարիներ առաջ Իտալիայի ազգային կոմիտեի անդամ Լուջի Բորջիայի գտած մի հին գիրք, ըստ որի մի հատվածի` դա Վինչիի “Մոնա Լիզայի” աչքերը լի են գաղտնիքներով և խորհրդանիշներով: Ըստ Վինչետիի խոսքերի` նկարիչը իր արվեստում սիրում էր գործածել տարբեր նշաններ և կոդեր: Շատ հավանական է, որ նա աչքերում, այսինքն`հոգու հայելով կարևոր տեղեկություն փոխանցեր:
Նկարն էլ ավելի խորհրդավոր մշուշով է պարուրում նրա ճակատագրիը: Եթե դիմանկարը պարզապես պատվեր լիներ, ապա տրամաբանական է, որ ավարտելուց հետո պետք է հանձնվեր պատվիրատուին: Բայց դա Վինչիի կենսագրությունից գիտենք, որ “Մոնա Լիզայի” դիմանկարը նրա մոտ է եղել մինչև իր կյանքի վերջը: Այստեղ էլ ուրիշ հարց է ծագում. գուցե աշխատանքը ամենևին է պատվեր չի եղել կամ էլ դուր չի եկել պատվիրատուին, և նա հրաժարվել է դրանից, հնարավոր է նաև, որ շատ թանկ է եղել դա Վինչիի համար, ուստի իր մոտ է պահել: Ստույգ փաստերի բացակայության պայմաններում անվերջ կարելի է այսպիսի վարկածներ առաջ քաշել....