понедельник, 19 ноября 2012 г.

Գյումրիի գրաֆֆիթիները


Հանրային արվեստի տեսանկյունից Գյումրին աղքատիկ է, և նկատվող առաջընթացն էլ իրենից ներկայացնում է արդեն իսկ տարածք մուտք գործած արվեստի ձևերի՝ առավելապես քանդակների «ավանդական» հոսքի շարունակությունը: Ժամանակակից ոչ մի արվեստի նմուշ, ոչ մի նոր, աչքի ընկնող երևույթ չկա, որ կկարողանա թե՛ գաղափարով, թե՛ կատարման տեխնիկայով, ինչու չէ, նաև գույներով գրավի բազմաշերտ հասարակությանը։ Իրավիճակն այսպիսին էր մինչև բոլորովին վերջերս
Ցանկացած քաղաք պետք է իր մեջ պարունակի թե՛ ավանդականը, որը բնորոշ է տվյալ քաղաքի պատմությանը, թե՛ ժամանակակիցը, որով ապրում է տվյալ քաղաքի երիտասարդությունը։ Գյումրիում այս «օրենքը» չի գործում: Հինն ու ավանդականը շարունակվում են, և եթե հանրային տարածքում նոր արվեստի գործ է դրվում, դարձյալ հիշեցնում է հինը, նախորդների կատարման տեխնիկան, նախորդ կարծրացած թեմաները: Սրանք հաջորդում են մեկը մյուսին, բայց, մեծ մասամբ, որևէ «նոր ժամանակները բնութագրող» կամ «նոր ժամանակներից եկած» գործ հանրության դատին չի ներկայացվում:
Քաղաքին արդիական շունչ է պետք, որևէ ժամանակակից իրադարձություն: Այս գործում արտիստական խմբավորումներից զատ, ինչ-որ չափով առաջընթաց կատարեցին Գյումրու Գեղարվեստի Ակադեմիայի մի քանի շրջանավարտներ ու ուսանողներ, ովքեր որոշեցին քաղաքի միօրինակ առօրյան դարձնել հետաքրքիր, միջավայրը՝ նախորդ տարիներից տարբերվող: Առաջնային նպատակն էր քաղաքի ամենօրյա նույնությունը որոշակիորեն թաքցնել սթրիտ արտի տակ
Գաղափարը մի քանի տարի է, ինչ կար Տարոն Մանուկյանի ու Լևոն Առաքելյանի մոտ: Նման նախագիծն իրականացնելը հեշտ չէր: Հարկավոր էր թույլտվություն և անհրաժեշտ միջոցներ: Որոշվեց քաղաքի տարբեր մասերում պատերին տպել, նկարել արվեստի բնագավառի հայտնի մարդկանց նկարները /Սալվադոր Դալի, Չառլի Չապլին, Պաբլո Պիկասսո/ և սկսվեց ստեղծագործական աշխույժ, բայց նաև դժվարին գործընթացը: Քաղաքը, որի համար սա միանշանակ նոր երևույթ էր, «անձամբ» ականատես էր լինում գրաֆֆիթիների ստեղծմանը։ 20-րդ դարի արվեստագետներին ընտրելով՝ Ակադեմիայի սաները փորձ են արել նորն ու ժամանակակիցը հասարակությանը ճանաչելի ու սիրելի դարձնել:
Նախագծի հեղինակների ցանկությունն էր Գյումրին տեսնել արվեստով լեցուն ու գեղեցիկ, քաղաքացիներին պատճառել էսթետիկ հաճույք: Նպատակներից էր նաև գյումրեցիներին իրազեկել, թե ովքեր են Դալին, Պիկասսոն կամ մյուս նկարված արվեստագետները: Նկարներից և ոչ մեկը իհարկե քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ նպատակը եղել է զուտ անցորդներին հաճույք պատճառելը և արվեստի պատմությանն իրազեկ դարձնելը։
Գրաֆֆիթիներից մեկը տեղ է գտել Ակադեմիայի դրսի պատին: Պատկերված է Սալվադոր Դալին Գալայի հետ։ Պատկերը կարծես ուսանողներին, նույնիսկ պատահական անցորդներին հրավիրում է Ակադեմիա: Հեղինակներն են Լևոն Առաքելյանը, Տարոն Մանուկյանն ու Արթուր Կիրակոսյանը: Քաղաքին նոր ու հենց ժամանակակից շունչ էր պետք:
Գյումրեցիները, որ մինչ այս չգիտեին, թե ինչ է սթրիտ արտը, անհամբերությամբ սկսեցին սպասել հաջորդ աշխատանքին:
Գործերը հաջորդում էին միմյանց ու շարունակում զարմացնել գյումրեցիներին: Չառլի Չապլինի պատկերը ևս տեղ գտավ Ակադեմիայի ուսանողների նկարների ցանկում: Տիգրան Մեծ փողոցի շենքերի պատերից մեկից անցորդներին իր թախծոտ և ժպտուն աչքերով նայում է մեծ դերասանը: 2 մետր երկարությամբ նկարը վերցված է «Չառլին և փոքրիկը» կինոնկարից: Հեղինակներն են Տարոն Մանուկյանը, Սերգեյ Հակոբյանն ու Լևոն Առաքելյանը: Սրան հաջորդում է Պիկասսոյի նկարը, որը ևս գտնվում է նույն փողոցում: Այն նկարել են Միկա Վարդպարոնյանն ու Տարոն Մանուկյանը:
Եթե նախորդող գործերում պատկերված են արվեստի ներկայացուցիչներ, ապա հաջորդ գործում, որի մասին խոսելու եմ, չկա արվեստի ոլորտի հայտնի կերպար: Աշխատանքը վերնագրված է «Ծխող կինը»: Սա 300×250 չափերի նկար է, գտնվում է Հաղթանակի պողոտայում:
Նախորդներից տարբերվում է նաև գունաշարով: Իմիջիայլոց, այս գրաֆֆիթին պատին հայտնվեց գրեթե նույն ժամանակ, երբ Երևանում տեղադրվեց Բոտերոյի «Ծխող կինը» քանդակը: Սա պարզապես զուգադիպություն է, որը որոշակի տեսանկյունից կարելի է կապել նաև Բոտերոյի քանդակի շուրջ ծագած խոսակցությունների հետ, քանի որ Գյումրիում ևս «ծխող կնոջ» կերպարը մարդկանց մոտ դիտվեց իբրև ոչ ցանկալի երևույթի խրախուսման միջոց:
Տիպիկ «ժամանակակից կնոջ» կերպարն անձամբ իմ շրջապատում առաջացրել է մեծահասակների հետևյալ կարծիքը. «իբր ծխող կանայք շատացել էին, շատ գոհ էինք, հիմա էլ նկարում են, որ էտ կանանց խրախուսեն»: Թե ինչ են սրանով ցանկացել ցույց տալ Լևոնն ու Տարոնը, թողնում եմ յուրաքանչյուրիդ երևակայությանը: Կարող եմ միայն ասել, որ կերպարի ընտրությունը պատահական է, համացանցից ընտրված:
Հին գրաֆֆիթիներին աստիճանաբար ավելացան նորերը: Ակադեմիայի ուսանողները սկսեցին արվեստով ծածկել Գյումրիի թերությունները, կիսավեր   պատերը, շքամուտքերի աստիճանները,  նույնիսկ աղբակղները:  Առաջին   գրաֆֆիթիներից շատ ժամանակ չանցած Ռուսթավելի փողոցում հայտնվեց հետևյալ նկարը.
Գյումրիի փողոցային ավեստի դաշտում, ինչպես լինում է բոլոր քաղաքներում, մեծ դեր սկսեցին խաղալ բակերն ու տնամերձ տարածքները: Ահա Լևոն Առաքելյանի ու Սարգիս Կիրակոսյանի համատեղ աշխատանքը.
Գյումրին մինչ տղաների այս քայլը ծանոթ չէր «փողոցային արվեստ» ասվածին: Քաղաքում եղել են մի քանի տարբեր ակցիաներ ու երիտասարդական միջոցառումներ, որոնց ժամանակ պատերը ներկվել են, կամ պատերին հայտնվել են կոչեր, բայց սա սթրիտ արտի մեջ լուրջ ձեռքբերում համարել չի կարելի:
Այս «վարակիչ ակցիային» սկսեցին միանալ Ակադեմիայի այլ ուսանողներ ևս: Ստորև Կարինե Խաչատրյանի «Հայկական վագր» գրաֆֆիթին է.
Ժամանակակից արվեստը, որով ապրում, ստեղծագործում, և որի առաջընթացին ականատես են լինում Ակադեմիայի ուսանողները, չէր կարող տեղ չգտնել նաև Գյումրիի կյանքում: Արվեստը պետք էր Ակադեմիայի հաստատության պատերից դուրս հանել, դարձնել հանրությանը մատչելի: Կարծում եմ սրանք առաջին քայլերն են այս ուղղությամբ և նմանատիպ գործերն ու ընտրված թեմաները հետագայում կլինեն առավել ընդգրկուն ու բազմազան։ Գյումրեցիները սպասում են նոր անակնկալների:

Գոհար Նավասարդյան
լուսանկարները՝ Gyumri Street Art էջից
2012թ. հոկտեմբեր
թարմացված