четверг, 15 ноября 2012 г.

Պաուլո Ուչելլո

Պաուլո Ուչելլոն վաղ վերածննդի /կվադրոչենտո/ ներկայացուցիչներից է, գեղանկարիչ, ով ուսումնասիրել և զարգացրել է հեռանկարի օրենքները: Նա ծնվել է  1397թ. դեկտեմբերի 10-ին: 1407-1411թթ. աշխատել է Ֆլորենցիայում` Լորենցո Հիբերտիի արվեստանոցում: Ստեղծագործական վաղ շրջանում Ուչելլոն ձգտում էր ուշ գոթական ավանդույթներին, սակայն Դոնատելլոյի, Ֆիլիպպո Բրունելեսկիի, Մազաչչոյի ազդեցության տակ խիստ հետաքրքրվում է նոր վերածնության արվեստի խնդիրներով: Միացնելով սերը  գեղանկարչությանն ու գիտությանը` նա ուսումնասիրում է կենդանիների և բույսերի կազմությունը, հեռանկարի կանոնները: Ուչելլոն  հիմք դրեց հեռանկարի տեսությանը, առաջին անգամ կառուցեց այնպիսի հեռանկարով ու ծավալով տարածություններ, որոնցից ելնելով նրանից հետո եկող սերունդը երկար ժամանակ օգտվում էր իր իսկ ստեղծած կանոններից: Արդյունքում նա հասավ այն բանին, որ մտածեց մարդուն հարթության վրա կանգնեցնելու եղանակներ, ճիշտ հեռանկարով կառուցեց կամարներ ու առաստաղ, կառնիզներ ու քիվեր
    Ուչելլոյի առաջին գեղանկարչական աշխատանքը Լելմո հիվանդանոցի  որմնանկարներն էին, հատկապես Սբ. Անտոնիոսի պատկերը ուղղանկյուն որմնախորշում՝ Կոզմա և Դամիան սրբերի մեջտեղում: Աննալենա մենաստանում նա նկարել է երկու ֆիգուրաներ, իսկ Սանտա Տրինիտա եկեղեցում՝ ներսի ձախ դռան վրա, Սբ. Ֆրանցիսկի կյանքից տեսարաններ: Սանտա Մարիա Մաժորեում նկարել է մի շինության ինտերիեր, որի մեջ լավագույնս ցույց է տվել, թե ինչպես կարելի է բավականին փոքր տարածությունը դարցնել անսահման ընդարձակ, գույնի ու գծի միջոցով այն դարձնել բնականին շատ մոտ: Մեդիչիների տանը նա նկարել է կենդանիների նկարներ /<<Կռվող առյուծներ>>,<<Օձի և առյուծների կռիվը>>/: Նկարիչը միշտ էլ սիրել է կենդանիներ, հատկապես թռչուններ: Այդ պատճառով էլ նրան անվանել են Ուչելլո /թռչուն/:
   1430-1440թթ. Պաուլոյին պատվիրում են տեսարաններ նկարել Սանտա Մարիա Նովելլա մենաստանի համար, որոնք արված են   դեպի բակ տանող մուտքի վրա: Սրանք դարձյալ կենդանիներ են, որոնցից յուրաքանչյուրի մեջ ցույց է տալիս տվյալ կենդանուն բնորոշ հատկությունները: Պատկերել է նաև <<Կենդանիների և Ադամի ստեղծումը>>, <<Եվայի ծնունդը և առաջին մեղք գործելը>>, <<Գոհունակության զոհ>> տեսարանները: Այս բոլոր որմնանկարներում նկարել է այն, ինչ տեսել է՝ ծառեր, թփեր, դաշտեր, բնության այլ մանրուքներ: Ապա շարունակում է ստեղծագործել ու նկարում է <<Ջրհեղեղն ու Նոյի տապանը>> ֆրեսկոն, որտեղ պատկերում է մարդկային զոհեր, ահեղ ջրհեղեղ, ամպրոպ ու սուլող քամի, վախ և զղջումՆկարի մի անկյունում պատկերել է  մարդու, որի աչքերը ագռավը հանում է, մյուսում՝ խեղդվող երեխայի, որի որովայնը ջրից փքվել է: Պատկերված են նաև անտարբեր հայացքներ /իրար հետ վիճող ձիավորները, ցլի վրա նստած ամուսինները, որոնք ընկղմվում են ջրի տակ, բայց չեն իջնում ցլի վրայից/: Այս ստեղծագործությունը Ուչելլոյին մեծ ճանաչում է բերում: Այս ժամանակ է նկարում նաև <<Նոյի արբեցումն ու ծաղրը>> որմնանկարը, որի մեջ Նոյի որդին՝ Քամը, ծաղրում է հորը: Քամին Ուչելլոն նկարել է իր ընկերոջը՝ ֆլորենտացի քանդակագործ ու գեղանկարիչ Դելլոյին նայելով: Մյուս երկու որդիները՝ Սեմն ու Հաբեթըծածկում են նրա մերկությունը: Նույն նկարում պատկերված է նաև մի տակառ և խաղողի վազով ծածկված տաղավար: Նկարիչն այստեղ սխալվել է. հատակը համընկնում է տաղավարի գծերի հետ, իսկ տակառը գտնվում է այլ հարթության վրա, ինչը պարզապես այդպես լինել չէր կարող: Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ հեռանկարի օրենքների վարպետ գեղանկարիչը սխալվել է այս հարցում: Երկնքում կարող ենք տեսնել Աստծուն, ով նայում է Նոյի ու զավակների մատուցած զոհին: Սա ամենաբարդ ֆիգուրն է այս ստեղծագործության մեջ, ու թվում է, թե ոչնչով չի տարբերվում մարդուց: Մի խոսքով, Ուչելլոն այս որմնանկարին յուրահատուկ նրբություն է հաղորդել, կերտել է այն մանրակրկտորեն ու թեթև, ավելի ուշադիր ու զգացմունքայնությամբ, քան նրա այլ նկարները:
    Սանտա Մարիա դել Ֆիորե եկեղեցում Ուչելլոն նկարում է ֆլորենտացիների անգլիացի կապիտան Ջոն Հոկվուդին /Ջիովաննի Ակուտո/՝ ձիու վրա նստած:

  Հետին պլանում պատկերել է մի սարկոֆագ, որի մեջ, ասես, ամփոփված է նրա մարմինը: Ձիու մի կողմի ոտքերը վերև են բարձրացրած, սակայն ձին այսպես կանգնել չի կարող: Բանն այն է, որ Ուչելլոն այնքան էլ չէր ուսումնասիրել ձիերին, ինչպես արել էր մյուս կենդանիների դեպքում: Սարկոֆագի վրա էլ հենց գրված է Pauli Uccelli opus.  Ունի նաև ֆանտաստիկ, հեքիաթային, վառ գույներով արված նկարներ, որոնցից են <<Սբ. Գևորգը հրեշի հետ>>, <<Որս անտառում>>  նկարները:

    Այս նույն եկեղեցում նկարում է նաև մի տեսարան, որի մեջ սատանայի հրամանով ավերվում է մի մենաստան, որի ավերակների տակ մնում է մի սպանված վանական: Հետաքրքիր է նաև փախչող վանականի դեմքի արտահայտությունը, որի զգեստի ծալքերը քամուց օրորվում են: Այս կերպարին հետագայում նախանձելու են Ուչելլոյի հետևորդները: Բավականին ստացված է նաև Սբ. Բենեդիկտոսի կերպարը, ով օրհնում է մահացած վանականին: Նկարում աչքի է ընկնում հաշմանդամ ծեր վանականի կերպարը, որն արտահայտում է հույսը դեպի ամբողջացում: Այս նկարում գունազարդ բնանկար չկա, սակայն զարգացած է հմուտ գծանկարը:   
<<Ճակատամարտը Սան Ռոմանոյի մոտ>>: Կոզիմո Մեդիչիի պատվերով Ուչելլոն 1456-1460 թթ. նկարում է  <<Ճակատամարտը Սան Ռոմանոյի մոտ>> նկարը՝ բաղկացած երեք մասից, որոնցից յուրաքանչյուրն հիմա առանձին նկարներ են ու գտնվում են Եվրոպայի տարբեր թանգարաններում: Պատկերված են տեսարաններ ֆլորենտացիների ու սիենացիների միջև 1432 թ. Սան Ռոմանոյի մոտ տեղի ունեցած մարտից: Սկզբում սա իրենից ներկայացնում էր ամբողջական ֆրիզ՝ 9.5 մ երկարությամբ, տեղադրված Պալացցո Մեդիչիի սենյակներից մեկում: Այս նկարներից առաջինը՝ <<Նիկոլլո դա Տոլենտինոյի հարձակումը>> /Լոնդոնի թանգարան/,  պատկերում է ֆլորենտացիների հարձակումը սիենացիների վրա:


Երկրորդը՝ <<Բեռնանդինո դելլա Կառդայի պարտությունը>> /Ուֆֆիցի թանգարան-Ֆլորենցիա/, պատկերում է այն տեսարանը, երբ սիենացիների ղեկավար դելլա Կառդան ընկնում է ձիու վրայից: Վերջին տեսարանը՝ <<Միկելետտո դա Կոտինյոլայի հարձակումը>>/Լուվր/, նկարագրում է այն պահը, երբ Կոտինյոլան օգնության է գալիս Տոլենտինոյի զորքին:
    Պաուլո Ուչելլոյի արվեստի վրա ազդեցություն են ունեցել Դոնատելլոյի, Բրունելլեսկիի և Ջոտտոյի ստեղծագործությունները: Նա ունեցել է կին և աղջիկ, սակայն ընտանիքը երբեք չի խանգարել Պաուլոյին ստեղծագործել: Նա հաճախ է կրկնել. <<Որքան դուրեկան բան է այս հեռանկարը>>…և իրոք, չնայած այն բանի, թե ինչքան էր տարված այս գեղանկարիչը հեռանկարով, այնուամենայնիվ, չլիներ Ուչելլոն, զարգացում չէր ապրի հեռանկարը, և հետագա սերունդները հենց Պաուլո Ուչելլոյին են պարտական հեռանկարի տեսության համար:


Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս