четверг, 8 ноября 2012 г.

Լորենցո Հիբերտի /1377-1455/


Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրում 15-րդ դարում Ֆլորենցիայում: Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին արդեն սկսում են հաղորդել երկրային բովանդակություն: Արվեստի գլխավոր հերոսը դառնում է վառ արտահայտված անհատական գծերով մարդը: Դիմանկարը և բնանկարը հաստատվում են որպես ինքնուրույն ժանրեր:  Այս դարաշրջանում են ի հայտ գալիս մի խումբ տաղանդավոր ստեղծագործողներ, որոնց թվին է պատկանում քանդակագործ, արվեստի տեսաբան, ռելիեֆի վարպետ Լորենցո Հիբերտին: Նա եղել է Մոնա Ֆիորայի և Չոնե Հիբերտիի որդին: Երկար ժամանակ իրեն կոչել է Լորենցո դի Բարտոլո, քանի որ մոր եկրորդ ամուսինը Բարտոլո դի Միկելեն էր: Միայն 1444թ.-ից է փաստաթղթերում անվանվում Լորենցո դի Չոնե դի սեռ Բոնակոսսո Հիբերտի:

     Սովորել է Բարտոլուչչոյի արվեստանոցում: Հիբերտին 15-րդ դարում կարևոր տեղ էր զբաղեցնում Ֆլորենցիայում: Նրա արվեստանոցում են սովորել քանդակագործներ Դոնաթելլոն ու Միկելոցցոն, գեղանկարիչ Պաուլո Ուչելլոն: Քանդակագործությանն իրեն նվիրել է 1401 թ., երբ հաղթող է ճանաչվել Ֆլորենցիայի բաբտիստերիայի <<Դրախտի դարպասների>> կառուցման համար հայտարարված մրցույթում: Հենց այս աշխատանքն էլ համարվում է նրա գլուխգործոցը և ընդհանուր պատկերացում է տալիս Հիբերտիի ստեղծագործության մասին:

1401-1424թթ. աշխատել է հյուսիսային դռների վրա: Այստեղ կոմպոզիցիոն առումով կրկնել է Պիզանոյի աշխատանքը: Թվով 28 ոչ մեծ ռելիեֆներն արված են գոթական ոճով: Ռելիեֆներից 20-ը պատկերում են տեսարաններ նոր կտակարանից, մնացածը՝ ավետարանիչների ու սրբերի: 

Ռելիեֆների մեջ եղած տարածությունը Հիբերտին դատարկ չի թողել: Քանդակել է իր աշակերտների, հարազատների, նաև իր գլուխը: Ռելիեֆի մեջ դեռ առկա է գոթական շունչը, ֆորմաները ձգված են, զգեստի ծալքերը՝ հարթ: Սակայն այս գծերը նոր արվեստի որոնումներ են: 1421թ. Հիբերտին ճանապարհորդում է դեպի Վենետիկ, վերադառնալով սկսում է աշխատել բաբտիստերիայի արևելյան մուտքի վրա, ինչի համար նրանից պահանջվում ՝ 23 տարի: 1430թ.-ից հետո Հիբերտիին սկսում է հետաքրքրել անտիկ արվեստը, նա սկսում է ուսումնաիրել անտիկ հուշարձանները: Այս ժամանակաշրջանում աշխատել է նաև Սբ. Մատթևոսի, Սբ. Ստեփանոսի ու Հովհաննես Մկրտչի քանդակների վրա: Նա կառուցել է մի քանի բրոնզե դամբարաններ՝ Սանտա Մարիա Նովելլայում գտնվող  Լեոնարդո Դատիի դամբարանը:
    Մկրտարանի երրորդ դռները միաժամանակ հանդիսանում են թե՛ Լորենցոյի գլուխգործոցը, թե' ողջ կվադրոչենտոյի: Կառուցվել են 1424-1452թթ.: Միքելանջելոն, տեսնելով այս դռները, ասել է. <<Այս դռներն այնքան հիասքանչ են, որ կարող էին զարդարել դրախտի մուտքը>>: Այստեղից էլ գալիս է <<Դրախտի դռներ>> անվանումը /Porta del Paradiso/:

 Հրաժարվելով Անդրեա Պիզանոյի առաջարկած տարբերակից՝ Հիբերտին այս դռները բածանում է 10 մեծ կառակուսի ռելիեֆների՝ նվիրված Ադամին ու Եվային, Կայենին ու Աբելին, Նոյին, Աբրահամին, Իսահակին, Հովսեփին, Մովսեսին, Եսայուն, Դավթին և Սողոմոնին: Նրանց շրջապատում են Հուդիթի, Մարիամի, Հովհաննեսի, Սամսոնի և այլ քանդակներ: Հավանական է, որ այս գաղափարը նախաձեռնողը Հիբերտին չէր: Ծրագիրը տեքստով առաջարկել է Ֆլորենտացի հումանիստ Լեոնարդո Բրունին, սակայն հանձնաժողովի կողմից այն չի ընդունվել:
    Լ. Հիբերտին գրել է <<Կոմենտարներ>> աշխատությունը, որը բաղկացած է երեք մասից.   
    1.Այս գլուխը հիմնված էր անտիկ շրջանի մտածողների մտքերի վրա /Վիտրուվիոս, Պլինիուս/: Այստեղ Հիբերտին գրում է անտիկ արվեստի պատմությունը:

         2.Այս գլխում տալիս է 14-րդ դարի իտալական կերպարվեստի բնութագիրը: Հիբերտին հղացնում է հետևյալ դրույթները, որոնք արդեն իսկ դարձել են  մեզ համար սովորական . << Գծանկարը արվեստի հիմքն է>>, << Արվեստում ամենակարևորը ծավալային պլաստիկան է>>:  Եվ այս առումով միայն Ջոտտոյի արվեստն է, որ բավարարում է բուն արվեստի պահանջներին: Ճշգրտության հետ մեկտեղ, Ջոտտոն երբեք չի կորցնում չափի զգացողությունը: Աշխատության երկրորդ գլուխը ավարտվում է ինքնակենսագրությամբ, որում քանդակագործը խոսում է արվեստի չափանիշների և ստեղծագործական փնտրումների մասին: (Իտալական իրականության մեջ սա առաջին արվեստաբանական ինքնակենսագրությունն է):
       3.այս գլխում արվեստի տեսական խնդիրների վերլուծությունն է, մանավանդ այն դրույթները, որոնք կապված են օպտիկայի համամասնության և անատոմիայի հետ: Սրանցում նա հիմնվում է Վիտրուվիասի ստեղծագորխության վրա:
Ընդհանուր առմամբ իր <<Կոմենտարներում>> Հիբերտին արվեստի դրսևորումների հանդեպ տալիս է պատմական մոտեցում, ինչը նորույթ էր տեսական մտքի ասպարեզում: Այն մեծ հետք թողեց ժամանակակիցների վրա: Դարաշրջանի բոլոր հեղինակները համակված էին մեկ ձգտումով, այն է ` արվեստի վերելքը համարելով անտիկ նվաճումները` հետամուտ լինել նրանց գաղտնիքներին և արվեստը վերադարձնել ճշմարիտ ակունքներին:
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս